AM
29 Հոկտեմբեր 2025 - 08:48 AMT

Սարգսյանը` Համբարձումյանի կալանավորման մասին․ Դատավճիռները կախված են մեկ անձի կամքից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով իմպիչմենտի գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի դատապարտմանը, ասել է, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։

«Ակնհայտ է, որ Դավիթ Համբարձումյանի մասով որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ են կիրառել, դա նրա համար է, որ համաներումը չազդի պատժի չափի վրա»,- ասել է Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են միջազգային կառույցները լռում՝ Սարգսյանն ասել է, որ նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ՝ շահով։

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը իմպիչմենտի գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածուն է և որը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման, կալանավորվել է ՀՀ ժամանելուն պես՝ «Զվարթնոց» օդանավակայանում։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի աշխույժ հատվածում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ինչպես Մասիսի քաղաքապետը, այնպես էլ նրա եղբայրը։ Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է մեկ այլ քրեական գործ ևս՝ հեղափոխության օրերին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Այդ գործով նա կալանավորվել է, սակայն դատարանը որոշել էր ազատ արձակել նրան՝ գտնելով, որ կալանքը անհիմն է, և բավարար ապացույցներ չկան, որոնք կհաստատեին նրա կողմից հանցանքի կատարումը։