ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ իմպիչմենտի շրջանակում վարչապետի թեկնածուն։
«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, փաստաբանները բողոքարկելու են, այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է որպես վարչապետի մեր թեկնածուն»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Համբարձումյանին սահմանված պատժաչափը «դաժան որոշում» է, որը կայացվել է՝ նպատակ ունենալով բացառել համաներման կիրառման հնարավորությունը։
Անդրադառնալով քաղաքական հաջորդ քայլերին՝ Սարգսյանը շեշտել է, որ իրենք շարունակելու են աշխատել միայն մեկ ուղղությամբ։
«Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացն առաջ տանելը։ Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաճույքով կլսենք»,-ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք Համբարձումյանը կալանավորվել է հենց իմպիչմենտի գործընթացի շրջանակում, ՀՀ երրորդ նախագահը նշել է. «Ոչ միայն այդ գործընթացի, նաև իր դիրքորոշման պատճառով։ Ես խնդրել եմ մեր կուսակցության իրավական հարցերով մասնագետներին փնտրել, տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս պատասխան չեն տվել», հայտնում է Panorama.am-ը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցված պատարագին՝ Սերժ Սարգսյանը կարճ պատասխան է տվել. «Ես չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքեմ»։
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը իմպիչմենտի գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածուն է և որը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման, կալանավորվել է ՀՀ ժամանելուն պես՝ «Զվարթնոց» օդանավակայանում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի աշխույժ հատվածում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ինչպես Մասիսի քաղաքապետը, այնպես էլ նրա եղբայրը։ Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է մեկ այլ քրեական գործ ևս՝ հեղափոխության օրերին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Այդ գործով նա կալանավորվել է, սակայն դատարանը որոշել էր ազատ արձակել նրան՝ գտնելով, որ կալանքը անհիմն է, և բավարար ապացույցներ չկան, որոնք կհաստատեին նրա կողմից հանցանքի կատարումը։






