Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խիստ դատապարտել է ինտիմ բնույթի տեսագրությունների տարածումն ու դրանց նկարահանումը քաղաքացիների բնակարաններում՝ ընդգծելով, որ ինքն այդպիսի երևույթներ չի մեկնաբանում դեռ ընդդիմադիր տարիներից։
«Դեռ ընդդիմադիր եղած ժամանականերից ես հրաժարվել եմ երբևէ էսպիսի մեթոդներով արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ դու սկսում ես մեկնաբանել նման բաները՝ պարարտ հող ես նախապատրաստում նման երևույթների տարածման համար»։
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց է բարձրացրել ազգային անվտանգության ծառայության գործունեության և վերահսկողության վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։
«ԱԱԾ-ն վարչեպետին կամ կառավարությանը ենթակա մարմին է, սա խոսում է այն մասին, որ եթե ԱԱԾ մասնակցությամբ է եղել, ապա դա պետք է պատասխանատվություն առաջացներ։ Եթե իրենց մասնակցությամբ չի եղել տեսանկարահանումը՝ բաղնիք, ննջարան, ապա հարց է առաջանում, բա իրենք ո՞ւր են, եթե կարող են այլ մարմինների միջոցով նման բան արվեն։ Ինչ մնում է դրա հրապարկմանը՝ ասեկոսեներ կան, որոնք կապված են ձեր աշխատակազմում աշխատող մարդկանց հետ։ Եթե կա բացահայտում, ապա դրա հետևից կոնկրետ մարմիններ պետք է գնան»,- ասել է Մինասյանը։
Ի պատասխան այս հայտարարության՝ Արայիկ Հարությունյանը առաջարկել է դիմել համապատասխան իրավապահ մարմիններին։
Հոկտեմբերի 25-ի երեկոյան «Armenian WikiLeaks» անունով տելեգրամյան ալիքը հրապարակել է անձնական կյանքին վերաբերող տեսանյութ, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Պետական որևէ կառույց դեռ չի հայտնել՝ արդյո՞ք իրենց կողմից է իրականացվել տեսաձայնագրությունը։
«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հակված է մտածելու, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող գաղտնի նկարահանումն իրականացրել են պետական որոշ հաստատություններ։






