AM
29 Հոկտեմբեր 2025 - 12:02 AMT

Դատարանում 22–ամյա մեղադրյալի դանակահարությունից հետո փախած անձը չի հայտնաբերվել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպանության գործի քննության ընթացքում դանակահարված 22-ամյա մեղադրյալի գործով փախուստի դիմած անձը մինչ այս պահը չի հայտնաբերվել, հայտնում է «Փաստինֆոն»։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 28–ին՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում։ Դանակահարվածը՝ Էրիկ Դադիվանյանը, մեղադրվում է 2024 թվականի հուլիսի 17-ին, խմբով և առանձնակի դաժանությամբ 21-ամյա Հայկ Մաղաքյանին սպանելու մեջ։ Դատական նիստի ժամանակ սպանված երիտասարդի հարազատներից մեկը հարձակվել է և դանակահարել Դադիվանյանին։

Նախնական վարկածով, հարձակվողը եղել է Հայկ Մաղաքյանի խորթ եղբայրը։ Իրավապահ մարմիններին դեռ չի հաջողվել նրան հայտնաբերել, և հետախուզում ևս չի հայտարարվել։

Քննչական կոմիտեից նշել են, որ քրեական վարույթի շրջանակում որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում այս պահին չի իրականացվում։ Դեպքին վերաբերող հարցերից մեկին՝ ինչպես է դանակով անձը կարողացել մուտք գործել դատարան, դեռ պատասխան չեն տվել՝ հավելելով, որ ընթանում է նախաքննություն և ուսումնասիրվում են դեպքի բոլոր հանգամանքները։ Գործը քննվում է սպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Հայկ Մաղաքյանի սպանությունը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Ստեփանավանում։ Ըստ քրեական վարույթի տվյալների՝ նրան դաժանաբար սպանել են խմբով՝ կիրառելով բութ և սուր կտրող-ծակող գործիքներ։ Տղայի գլխին, որովայնի առաջային և հետին մակերեսներին հասցվել է առնվազն հինգ հարված։ Դրանից հետո մարմինը տեղափոխվել է այլ վայր, հագուստը՝ այրվել, իսկ դին՝ ծածկվել հողով ու քարերով։ Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի վարույթում։

Դատարանի վարույթում գտնվող այս գործով մեղադրյալներ են հանդես գալիս չորս անձինք՝ Յուրա Մկրտումյանը, Էրիկ Դադիվանյանը, Գեղամ Նազարյանը և Գոռ Նազարյանը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ հանցակիցներից մեկի ինքնությունը, որը, ըստ նախնական տվյալների, մասնակցել է դին տեղափոխելու ու թաքցնելու գործընթացին, իրավապահներին դեռ հայտնի չէ։

Ըստ գործի նյութերի՝ սպանված երիտասարդը հրավիրվել է Յուրա Մկրտումյանի ընտանիքին պատկանող տուն՝ Լոռի Բերդ բնակավայրում։ Տեղի է ունեցել վեճ, որն ավարտվել է նրա սպանությամբ։ Հետագայում դին, ըստ մեղադրանքի, տեղափոխել են Էրիկ Դադիվանյանը, Գոռ Նազարյանը և չպարզված անձը՝ Նազարյանի մեքենայով տան տարածքից՝ դեպի «Գառադոկ» անունով հանդամաս։ Այնտեղ նրանք մասնակիորեն այրել են դիակի հագուստը և մարմինը ծածկել հողով ու քարերով։ Մեղադրյալներից Յուրա Մկրտումյանը հանցագործության պահին անչափահաս է եղել։ Այժմ բոլոր մեղադրյալները գտնվում են կալանքի տակ։