AM
29 Հոկտեմբեր 2025 - 12:46 AMT

Գալյան. Երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ ներկայում Հայաստանում կալանավորների թիվը գերազանցում է ազատազրկվածներին, ինչը, ըստ նրա, խնդիր է: Նա այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի Պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։

«Այո, այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների և դա խնդիր է»,– ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է, որ նախարարությունում պարբերաբար քննարկումներ են ունենում գործընկեր կառույցների հետ՝ խնդրի լուծման ուղիներ մշակելու նպատակով։

Գալյանը հայտնել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի առաջին նիստը կկայանա առաջիկայում։ Հանձնաժողովը նախատեսում է քննարկել քրեական արդարադատության, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ոլորտների վերաբերող հարցեր։

«Սա նախաձեռնել ենք, որպեսզի անընդհատ երկխոսություն լինի քաղաքականության մշակողմների, իրավապահ մարմինների, դատարանների միջև»,– հավելել է Գալյանը։

Նախարարությունը ծրագրում է քրեական գործերով վարույթների համար վերջնաժամկետ սահմանել։ Նա այդ մասին ասել է ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում՝ արձագանքելով պատգամավորների հարցերին։ Ենթադրվում է, որ դրանով կսահմանափակվի նաև կալանավորների կալանքի ժամկետը։