AM
29 Հոկտեմբեր 2025 - 13:34 AMT

Ավանեսյան. Գլխուղեղի կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվան, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ նման կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել։

Նա հավելել է, որ այդ հիվանդության պատճառով մահացությունը և հաշմանդամությունը անխուսափելի են, եթե ճիշտ ժամանակին չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը:

«Այդ պատճառով մենք ամեն տարի ընդլայնում ենք անհրաժեշտ ծառայությունները պետական պատվերի շրջանակում:

Ծրագրի ներդրումից մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացի օգտվել է ծրագրից, որի համար պետական բյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ:

Կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի բարձր մակարդակ, նախասրտերի շողացող առիթմիա, ծխել, ոչ ճիշտ սննդակարգ և ցածր ֆիզիկական ակտիվություն:

Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի, ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի ԲԿ-ում, հաջորդը` Գորիսն է:

Հետևողական լինենք մեր և մեր հարազատների կենսակերպի հանդեպ և, ճանաչելով ախտանշանները, արագ արձագանքենք»,–գրել է նա։