AM
29 Հոկտեմբեր 2025 - 13:40 AMT

Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման

ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթակելու գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանն ազատազրկման է դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով։ Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։

Մեղադրող դատախազն առավելագույն պատժաչափ էր պահանջել (7 տարի)՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում, հայտնում է Sputnik Արմենիան։

Պաշտպանական կողմը մի շարք փաստեր էր հրապարակել Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։

Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է 2023 թվականի փետրվարին, այսինքն՝ 2020-ի նոյեմբերի 9-ի դեպքերից մոտ 2.5 տարի անց։ Այս ընթացքում նա արդեն երեք տարի գտնվել է անազատության մեջ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել Արցախի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «անձամբ իմ և բոլորի համար չափազանց ծանր որոշում եմ կայացրել»:

Այս հայտարարությունից հետո բազմահազար մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, որոնց մի հատվածը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք և վարչապետի աշխատասենյակ, իսկ մյուս մասը գնացել է Բաղրամյան պողոտա՝ մտնելով Ազգային ժողովի շենք։ Այդ ընթացքում ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, ում տեղափոխել են հիվանդանոց։