Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Եվրանեսթի» լիագումար նիստում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին՝ նշելով, որ Ադրբեջանում պահվող անձանց, գերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի:
«Oգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է: Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր. Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:
Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու»՝ TRIPP նախաձեռնության իրականացումը: TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը: Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի ու հարակից երկրների միջև»,–ասել է նա։
Սիմոնյանը նշել է, որ «Եվրանեսթը» կարևոր հարթակ է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար, և որ ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում:
Նա նշել է նաև, որ վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը: Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:
«Հայաստանը հանձնառու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը: Միաժամանակ վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված «Գործընկերության նոր օրակարգ» փաստաթուղթը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը:
ՀՀ Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք: Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, և մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը:
Այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը»,–ասել է ԱԺ նախագահը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսին Երևանում հյուրընկալելու առիթով: Ներկայումս նախապատրաստվում ենք եւս մեկ խոշոր միջազգային միջոցառման համար, որը նույնպես տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի աշնանը: Խոսքը ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի՝ COP-17-ի մասին է:
«Հաջորդ տարին կարևոր է նաև մեր երկրի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից: 2026 թ. հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները»,–ասել է Սիմոնյանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






