Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ 2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու՝ տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը՝ ՏԻՄ ընտրություններ 70 համայնքից 46-ում։
Նա հավելել է, որ այսինքն՝ համայնքների 65 տոկոսում տեղի են ունենալու ընտրություններ, հայտնում է 1lurer.am-ը։
Ընտրական բուռն տարին է պատճառը, որ, ըստ հանձնաժողովի նախագահի, ԿԸՀ բյուջետային հայտը 2026 թվականի համար շատ մեծ է, այն է՝ 7 մլրդ 568 մլն դրամից մի փոքր ավելի գումար է նախատեսված։
«ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2․5 մլրդ դրամ, ԱԺ ընտրությունների համար՝ 4 մլրդ 451 մլն դրամ: 2021 թվականին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1․7 մլրդ դրամ, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2․8 մլրդ դրամի կարգի գումար»,- ասել է նա։
2024 թվականին Հայաստանի ԿԸՀ-ն ընտրվել է Ընտրական մարմինների միջազգային ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ։
Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է, որ 2026 թվականի մարտին Հայաստանում կանցկացվի ասոցիացիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում ՀՀ կժամանեն 18 երկրի ԿԸՀ ներկայացուցիչներ։ Այս միջոցառման իրականացման շրջանակում ակնկալվում է, որ պետբյուջեից ԿԸՀ-ին կտրամադրվի 30 մլն դրամ։






