Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի հրապարակումից չորս օր անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որևէ հայտարարություն չի արել։ Տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանն, այդ մասին հարցին ի պատասխան, ասել է․ «առանց մեկնաբանության», հայտնում է Factor.am-ը։
Նա նշել է, որ «սրբազանը դրան անդրադարձել է»։
Տեսանյութերի տարածման օրը արքեպիսկոպոսն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում է» արհամարհանքն ու քմծիծաղը»։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ էության, չէր հերքել տեսանյութերի իսկությունը։ 5-րդ ալիքին տված հարցազրույցում էլ նշել է՝ հնարավոր է գաղտնի նկարահանումներ արված լինեն իրեն իդենտիֆիկացնելու համար, հետո էլ մոնտաժային հնարքներով ստանան տեսանյութերը։
Այն դիտարկմանը, որ արքեպիսկոպոսը, ըստ էության, չի հերքել դրանց իսկությունը, Տեր Եսային ասել է․ «Դա ամբողջությամբ հերյուրանք է, զազրելի արարք, որ տեղի է ունեցել»։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է հերյուրանք համարում։
Հոկտեմբերի 25-ին «Armenian WikiLeaks» անվամբ Telegram ալիքում տարածվել են տեսանյութեր, որոնք վերագրվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Տեսանյութերի բովանդակությունն ըստ ալիքի, ենթադրում է նրա ինտիմ կապն իր քեռակնոջ հետ։
Չնայած Telegram-ը արգելափակել է այդ բովանդակությունը՝ խախտման հիմքով, տեսանյութերն արդեն տարածվել և պահվել են այլ հարթակներում։ Հրապարակումից անցած չորս օրերի ընթացքում իրավապահ մարմինները որևէ վարույթ չեն նախաձեռնել։






