Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկատվության ամբողջականությանը և անկախ մամուլի հարցերին նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանն իր ելույթում ասել է, որ թվային տեխնոլոգիաներն ու ԱԲ-ն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար
«Մեր հանդիպումը տեղի է ունենում վճռական ժամանակահատվածում, երբ վստահելի տեղեկատվության հասանելիությունն ու անկախ լրատվությունն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական արժեքների առաջմղման գործում, սակայն, միաժամանակ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ինչպես ցանկացած ժողովրդավար երկիր, այնպես էլ Հայաստանը նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի։ Նա հավելել է, որ այս մարտահրավերներին հակազդելը դարձել է առօրյա աշխատանք։
«Հենց այստեղ է ի հայտ գալիս բարդ երկընտրանքը և նուրբ սահմանագիծը՝ մի կողմից պաշտպանել խոսքի ազատությունն ու բազմակարծիք լրատվությունը, իսկ մյուս կողմից՝ վճռականորեն հակազդել այն անբարեխիղճ դերակատարներին, որոնք փորձում են չարաշահել ազատությունը և խարխլել հասարակության ու մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։
Այս իրավիճակում ո՞րն է բանալին։ Կարծում եմ՝ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը և մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։
Իհարկե, մենք միայնակ չենք կարող հաղթահարել այս մարտահրավերը։ Մենք կառուցել ենք և շարունակաբար աշխատում ենք համախոհ գործընկերությունների ընդլայնման ուղղությամբ, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունությանը։
Գիտակցելով առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունն աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ Հայաստանն առաջնորդող դեր է ստանձնում «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» շրջանակներում»,–ասել է Միրզոյանը։
Քննարկումը կայացել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակում, որի այս տարվա խորագիրն է՝ «Խաղաղության, մարդկանց և մոլորակի համար նոր կոալիցիաներ»։






