ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին: Այդ մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրել է, որ սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ։
«Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղն են: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:
Բագրատ և Միքայել սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:
Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:
Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»,–ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:
Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։






