Ներքին գործերի նախարարությունը հորդորել է զգոն լինել հանրային վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց, ինչը «հարմար է, բայց ոչ ապահով»։
«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն»,– ասված է հայտարարությունում։
ՆԳՆ մասնագետները մատնանշել են մի քանի կարևոր քայլ, որոնք օգտակար են հանրային ցանցերից անվտանգ օգտվելու համար․
- Խուսափել բանկային հավելված մուտք գործելուց,
- Չկատարել առցանց գնումներ,
- Գործածել VPN ծառայություններ,
- Անջատել ֆայլերի փոխանակման գործառույթները (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն),
- Հետևել Wi-Fi ցանցերի պահպանված ցանկին և հեռացնել նախկինում միացված բաց ցանցերը։
Իրավապահ մարմինները խորհուրդ են տալիս նաև անջատել Wi-Fi-ն այն պահին, երբ այլևս անհրաժեշտ չէ։
«Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,–ասվում է հայտարարության մեջ։






