Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա Տեր Արամին, որի աշխարհիկ անունն է Ստեփան Ասատրյան՝ նրան անվանելով բանսարկու ու ստախոս։
Նա նշել է, որ վերջինս Հովհաննավանքը հորից չի ժառանգել՝ հորդորելով չխաբել և չմոլորեցնել մարդկանց։
1. «Լսիր այ բանսարկու ստախոս, ուշադիր ականջ դիր.
Եկեղեցու բանալին չե՞ս փոխել: Քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա արել եմ, ոչ թե վախկոտի պես ժխտիր:
2. Քեզ Եկեղեցին է կարգալույծ արել եկեղեցական իշխանությամբ, որն ի վերուստ տրված է իրեն Աստծո կողմից: Քրիստոս է Գլուխ Եկեղեցու, իսկ Եկեղեցին` Մարմինը Քրիստոսի:
3. Դու քո ներկայությամբ ու ծեսերի իմիտացիայով նմանվում ես կրկեսի աշխատողի. ծափեր, դերակատարություն, բեմադրություն…
4. Կիրակի քո կատարմամբ տեսանք քծնանք, երեսպաշտություն, ցուցադրական աղոթք, շուրջդ` հակառակության ոգի, մոլորված մարդիկ:
Իսկ ու՞ր էր Աստված: Պատասխանեմ.
Քրիստոս Աստված պատարագվում էր Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցիներում և բախշվում Իր հավատավոր զավակների մեջ` նրանց մեղքերի քավության և թողության համար, հոգու, մտքի և մարմնի բժշկության համար: Փա՜ռք Աստծո, Իր անսահման ողորմության ու գթառատության համար:
5․Կրկին, մտքումդ պահիր. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն» (Հովհաննես Արճիշեցի): Դու քեզ պատկերացնում ես ինքնաբուխ շնորհի աղբյու՞ր: Դա հերետիկոսություն է:
6․Այդպես էլ չընկալեցիր, որ քահանան Աստծո ծառա է, ոչ թե ժողովրդի: Երբ մարդահաճությունդ վերցվի, տակը կմնա դատարկություն:
7․Հովհաննավանքը հորիցդ ժառանգություն չես ստացել, որ միշտ այդտեղ քեզ պատկերացնես: Դու ինքնիրավչությամբ ես զբաղվում ու քեզ թվում է թե պատասխանատվության պահը չի՞ գալու:
8․ Թող մարդիկ լսեն Աստվածաշնչի զգուշացումը. «Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտոս 3:10-11):
9․Մկրտությունը վկայականով չի վավերական դառնում: Դու Եկեղեցուց կտրվելով, զրկվել ես քահանայական շնորհներից ու քո կատարածը առոչինչ է, չկա այդտեղ Սուրբ Հոգու ներգործություն, աստվածային դրոշմ, մկրտություն, այլ պարզ լվացվել: Անգամ մեռոնը քսելով բացի այն մարմնին հպվելուց ոչ մի խորհուրդ չի կատարվում: Բավական է խաբես ու մոլորեցնես մարդկանց:
10․ Պսակը քո տեսանելի կերպով արածը չէ, այլ դարձյալ խորհուրդ է, որը քո ձեռամբ չի կատարվում այլևս: Երկնքում այդ զույգի միություն չի արձանագրվում:
11․Առ այսօր չե՞ս հասկացել, որ վկայականը թղթի գինը չէ, այլ եկեղեցուն աջակցելու ձև, որով գոյատևում է մեր Եկեղեցին: Դու հանգանակությունը ու վաճառքի տարբերությունը չե՞ս գիտակցում, թե՞ միտումնավոր մանիպուլացնում ես անտեղյակ մարդկանց: Ծառայակից քահանաներից մեկի վկայությամբ դու վերջին ժամանակներում ծեսերից գումար չես վերցրել տեղացիներից, իսկ ինչո՞վ ես ընտանիքիդ կարիքները հոգացել:
12․Հայր Շնորհքը աստվածահաճո հոգևորական է ու առաջնորդվում է Տիրոջ կամքով, ոչ թե քո պես պոպուլիստական լոզունգներով: Ժողովրդի անունից բավական է խոսես, գնա Հայ Առաքելական ցանկացած եկեղեցի ու իմացիր ժողովրդի կարծիքը քո մասին: Զգուշացիր. «Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին» (Սաղմ. 146:6):
13․Եվ վերջում. դու լավ կլինի Տիրոջ անունը այլևս չհոլովես ու ընկած վիճակդ ավելի չխորացնես, քանզի. «Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ բանի համար է արտասանում» (Բ Օրին. 5:11)»,–ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:
Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։






