AM
30 Հոկտեմբեր 2025 - 09:35 AMT

Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսագրությունների հրապարակման դեպքով Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։

Այդ մասին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հայտնել են կոմիտեից։

Նշված տեսանյութերն առաջինը հրապարակվել են հոկտեմբերի 25-ին՝ Telegram-ում գործող Armenian WikiLeaks անունով ալիքում։ Չնայած այդ ալիքը հետագայում արգելափակվել է Telegram-ի օգտագործման կանոնների խախտման հիմքով, տեսանյութերը հասցրել են տարածվել և պահպանվել այլ հարթակներում։