Քննչական կոմիտեն Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով վարույթ չի հարուցի։ Նախաքննական մարմինը վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն է կազմել փաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացրած հանցագործության մասին 3 հաղորդումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն և ուղարկվել է հսկող դատախազի հաստատմանը»,- նշել է Ավդալյանը։
Հոկտեմբերի 23-ին փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել է երեք առանձին հաղորդում, որոնց նպատակն է եղել հոգևորականների և Հայ Առաքելական եկեղեցու շահերի պաշտպանությունը։ Առաջին հաղորդումը վերաբերում էր Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիության հնարավոր խախտմանը՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը, որն արգելում է կապի միջոցների գաղտնիության խախտումը։
Երկրորդ հաղորդմամբ, Զոհրաբյանը պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախկին քահանա Ստեփան Ասատրյանը խոչընդոտել են կրոնական ծեսի իրականացումը՝ հղում կատարելով հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հրավիրված պատարագի շուրջ ստեղծված իրավիճակին։
Բացի դրանից, փաստաբանը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ պահանջելով կանխել տարածք ներխուժումը։ Ըստ Զոհրաբյանի, Հովհաննավանքի այն հատվածները, որոնք նախատեսված են բացառապես եկեղեցու սպասավորների համար՝ այդ թվում ատյան, խորան, ավանդատներ, պետք է ազատվեն Ստեփան Ասատրյանից՝ կառավարության որոշման հիմքով։
Համացանցում տարածված ձայնագրությունում, որը վերագրվում է նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանին, հնչում են բողոքներ՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին։ Ձայնագրության համաձայն՝ վերջինս իբր պարտադրել է մասնակցել հակաիշխանական ակցիաների։ Այս աղմկահարույց ձայնագրության հիմքով առանձին քրեական վարույթ արդեն իսկ նախաձեռնվել է։






