AM
30 Հոկտեմբեր 2025 - 11:11 AMT

Հունվարի 1–ից զինծառայությունը կլինի 1․5 տարի․ Գործադիրը հաստատել է որոշումը

2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի՝ նախկին 2 տարվա փոխարեն դառնալով 1․5 տարի։ Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն։

Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության ընդլայնման շնորհիվ։

«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել ու ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,– ասված է հիմնավորման մեջ:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հավելել է. «Ինչպես գիտենք, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են եղել, ունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ատեստավորման համակարգն է ներդրվել և այլն, և միայն այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների քանակը կազմում է 4220 և աճի միտում ունի. այն ժամկետային զինծառայողներն են, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ և դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարի ծառայության ժամկետով: Կցանկանամ հավելել, որ բացի Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ընդգրկված լինելուց, սույն նախաձեռնության մասին արձանագրվել է նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ծրագրում: Խնդրում եմ հավանության արժանացնել և այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի»:

Նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Նախատեսված էր, որ օրենքի փոփոխությունը կմտնի ուժի մեջ 2026 թվականի ամառային զորակոչից սկսած, սակայն հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխությունը կգործի արդեն հունվարի 1-ից։