44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Որոշումն ընդունվել է չզեկուցվող հարցերի փաթեթով, հայտնում է Արմենպրեսը։
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300,000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։ Սակայն մինչև այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով տվյալ որոշմամբ անհետ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:






