Կալանքի տակ գտնվող հայտնի գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է 53 քննիչից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից «ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարույթային գործողություն»:
Նշվում է նաև, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես «դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել»։
«2025 թ. հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Դատարանը կրկին արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին դեռևս հուլիս ամսին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Քննչական խումբը ոչ թե կարճել էր այդ վարույթը, այլ իբր նոր տվյալներով ներառել միջնորդության մեջ:
Ավելին, Դատարանը գտավ նաև, որ բացակայում է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը: Դատարանը, չնայած դրա անհնարինությանը, հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն:
Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական վարույթն այս մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ուղարկվի դատարան, կամ պետք է կարճվի: Դատարանի նշված որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին: Անհրաժեշտ ենք համարում նաև հանրության համար բացահայտել, որ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել «իրավական» նորարարական մեխանիզմով, ըստ որի, նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում առկա իրավական դիրքորոշումների դեմ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունել է վարույթ, իսկ մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր երկու ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանը ու որոշմանը՝ մի շարք իրավական հիմնավորումներով, չի ընդունել վարույթ:
Վճռաբեկ դատարանում արդարադատության իրականացումից հրաժարվելու և քաղաքական հետապնդման պայմաններում այդ գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարույթային գործողություն:
Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։






