Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ներկայացրել է սոցիալական աջակցության պիլոտային ծրագրերի ընթացքը և կարևորել է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետության նպատակը պետք է լինի մարդկանց սոցիալական կախվածությունից դուրս բերելն, այլ ոչ թե այդ վիճակը պահպանելը։
«Անապահով սոցիալական խմբերի աջակցության ծրագիրը գործում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Այն մեկնարկել է գարնանը և այժմ շարունակվում է։ Պիլոտային ծրագրի ամբողջ իմաստն այն է, որ դրա իրականացման ընթացքում վեր հանենք խնդիրները, որպեսզի ամբողջական տարածման ժամանակ դրանք արդեն լուծված լինեն»,-նշել է նախարարը, հայտնել է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում ի հայտ են գալիս տեխնիկական և իրավական խնդիրներ, որոնք կապված են քաղաքացիների եկամուտների հաշվարկի և սոցիալական չափորոշիչների հստակեցման հետ։
«Կան դեպքեր, երբ մարդու եկամուտը բարձր է համարվում, բայց իրականում այդքան էլ չէ։ Այդ պատճառով այժմ կվարանեմ ասել, թե ծրագիրը երբ կթողարկենք ամբողջ երկրի տարածքով։ Պետք է համոզվենք, որ ավելի չենք վնասի, քան կօգնենք»,-ընդգծել է Թորոսյանը։
Նախարարը շեշտել է, որ նախկինում գործող համակարգերը հաճախ խեղաթյուրել են նպատակը՝ խրախուսելով չաշխատել կամ թաքցնել իրական եկամուտները։
«Ցավոք, մենք ունեցել ենք հակառակ պատկերը․ անապահովության համակարգը մարդկանց դրդել է չունենալ ֆորմալ աշխատանք, որովհետև կզրկվեն նպաստից կամ բժշկական ապահովագրությունից։ Շատերը նույնիսկ խաբել են պետությանը՝ թաքցնելով իրենց եկամուտներն ու գույքը։ Սա ամենացավոտ խնդիրներից մեկն է, բայց մենք վճռական ենք այն բարեփոխելու»,-ասել է նախարարը։
Թորոսյանը հավելել է, որ սոցիալական քաղաքականության հիմքում պետք է լինի աշխատանքն ու արժանապատվությունը։
«Բարեկեցություն և արժանապատիվ կյանք հնարավոր է միայն աշխատանքի շնորհիվ։ Եթե մարդը աշխատունակ է՝ պետք է աշխատի, իսկ եթե ոչ՝ պետությունը պետք է հոգ տանի նրա մասին՝ արժանապատվորեն»,-եզրափակել է նախարարը։






