AM
30 Հոկտեմբեր 2025 - 13:45 AMT

Բյուրեղավանի համայնքապետի լիազորությունները կասեցվել են, նա այդ մասին իմացել է մամուլից

Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Քննիչ մարմնի տվյալներով՝ գործը վերաբերում է ձևական աճուրդների միջոցով համայնքային հողերի ապօրինի օտարմանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ պաշտոնավարման իրավունքը կասեցվել է, հայտնում է Auroranews.am-ը։

Հակոբ Բալասյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ իր լիազորությունների կասեցման մասին տեղեկացել է մամուլից։

«Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, ինչի արդյունքում կարող էր ստեղծվել իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը կասեցված լիազորություններով որոշումներ կայացներ»,– գրել է նա։

Համայնքապետը նաև հայտարարել է, որ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը համարում է անհիմն և չի ընդունում այն։ Նրա պնդմամբ՝ քրեական գործը հարուցվել է դեռ երկու տարի առաջ, այդ ընթացքում հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ։

«Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն՝ ով ով է իր արած գործերով»,– հավելել է Բալասյանը։