AM
30 Հոկտեմբեր 2025 - 14:12 AMT

Լոռիում բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով տուժածներից մեկը մահացել է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։

Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։

«Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգական միջադեպից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորապես ցավակցում է մահացածի ընտանիքին ու մտերիմներին և կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երկաթուղային անցումների հատման անվտանգության կանոնները։