AM
30 Հոկտեմբեր 2025 - 14:41 AMT

Պարեկների ու նախկին ՃՈ տեսուչի գործով վարույթը փոխանցվել է դատարան

7 անձանց, այդ թվում՝ պարեկային ծառայության 4 պաշտոնյաների և ՃՈ նախկին տեսուչի վերաբերյալ քրեական վարույթըմեղադրական եզրակացությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթով իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի երեք պարեկներ՝ նախնական համաձայնությամբ ու խմբային ձևով, նախկին Ճանապարհային ոստիկանության տեսուչի դրդմամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում՝ պատճառելով էական վնաս թե՛ պետությանը, թե՛ ապահովագրական ընկերությանը։

Նախաքննական տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերին Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայր ժամանած պարեկները, տեղեկացված լինելով, որ վթարի մասնակից վարորդը ոչ միայն կարող էր գտնվել ոչ սթափ վիճակում, այլև հանդիսանում էր ՃՈ նախկին տեսուչի բարեկամը, վերջինիս դրդմամբ դիտավորյալ անտեսել են իրենց պարտականությունները։ Նրանք չեն վերցրել վարորդի փաստաթղթերը, չեն իրականացրել սթափության ստուգում և չեն փոխանցել ստացված տվյալները քննիչին։ Դրա փոխարեն, վարորդի փոխարեն նույնականացրել են մեկ այլ անձի, կատարել են նրա սթափության ստուգաչափում, դրանից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են կեղծ տեղեկություններ և տրամադրել նույն բովանդակությամբ կեղծ կտրոն՝ խաբելով նախաքննական մարմնին։

Այս գործողությունների հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է 1.178.950 ՀՀ դրամ վնասի գանձման հնարավորությունից՝ օրենքով սահմանված կարգով, այն անձից, ով փաստացի եղել է պատահարի մեղավոր վարորդը։

Ծառայողական լիազորությունների չարաշահման համար պարեկային ծառայության դասակի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նույն վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև երեք պարեկի, ՃՈ նախկին տեսուչի և ևս երկու քաղաքացիական անձի։ Դասակի հրամանատարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում և երկրից դուրս գալու արգելք։

Նախաքննության ընթացքում ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։