ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է համահավասարեցնել բոլոր երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ սահմանելով այն 500 հազար դրամ։ Նախարարը այս մասին խոսել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան։
Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ առաջին և երկրորդ երեխայի համար տրվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդի դեպքում՝ 1 մլն, իսկ հինգերորդ և դրանից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 1.5 մլն դրամ։
«Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը` դարձնելով 500 հազար դրամ»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով ծնելիության խթանման հարցին՝ Թորոսյանը նշել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի օրենսդրական նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև վեց տարեկանը 50 հազար դրամ ամսական նպաստ տրամադրելու ծրագիրը կդառնա մշտական։
«Ամենայն հավանականությամբ շուտով ԱԺ կուղարկենք օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ։ Փորձը ցույց է տալիս, որ ամսական աջակցություններով խրախուսելն ավելի լավ է, քան միանվագ գումարը, որը տրվում է երեխայի ծնվելու ժամանակ»,- ասել է նախարարը։
Թորոսյանը նաև նշել է, որ իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ 4 կամ ավելի երեխա ունեցող ընտանիքների զգալի մասն ընդգրկված է անապահովության համակարգում և ստանում է համապատասխան նպաստ։






