AM
31 Հոկտեմբեր 2025 - 06:34 AMT

Ադրբեջանը վնասում է Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին

Մարտունի քաղաքի Սբ. Ներսես Մեծ եկեղեցին, որը գտնվում է Արցախի օկուպացված տարածքում, վերջին երկու տարում վնասվել է ադրբեջանական գործողությունների հետևանքով, հայտնում է Monument watch-ը։

Նշվում է, որ մի շարք ադրբեջանական թելեգրամյան ալիքներ տարածել են Մարտունի քաղաքից ստացված լուսանկարներ։

Լուսանկարների հիման վրա պարզվել է, որ Սբ. Ներսես Մեծ եկեղեցու պատուհանները ջարդվել են, իսկ շենքի վրա արձանագրվել են կրակահերթերի բազմաթիվ հետքեր (նկ. 1):

Եկեղեցին և նրա շրջակայքն արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղղակի թիրախը, երբ Մարտունի քաղաքը ենթարկվել է ինտենսիվ ռմբակոծման: Արկի պայթյուններ են արձանագրվել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչն ապացուցում են շինության հարավային ճակատի վրա պահպանված վնասման հետքերը։

Սբ. Ներսես Մեծ եկեղեցին կառուցված է 2004 թվականին՝ բարերար Ալիս Օհանյանի նվիրատվությամբ

Մշակութային ժառանգության պահպանման կարևոր սկզբունքը սահմանված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից»։

Միջազգային մարդասիրական իրավունքը ևս հստակ արգելք է սահմանում ռազմական բախումների ժամանակ մշակութային արժեքների դեմ ուղղված գործողությունների վերաբերյալ։ Այս իրավունքի սովորութային բնույթ ունեցող նորմերը պարտադիր ուժ ունեն բոլոր կողմերի համար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։