«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Աղվան Արշակյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվի վարչականի։ Այսինքն՝ հսկողության առանց սահմանափակումների, որպեսզի էլեկտրոնային սարք չլինի ոտքին։ Գիտեք, որ Աղվան Արշակյանը առողջական խնդիրներ ունի, կարողանա այդ հետազոտություններն անցնել և նաև ֆիզիոթերապիայով զբաղվել։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, տնային կալանք խափանման միջոցը վերացվել է»,–ասել է փաստաբանը։
Նա հավելել է, որ մեղադրական կողմը ներկայացնող դատախազներն էլ այդ առումով առարկություն չեն ներկայացրել։
Արշակյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղ, նա վիրահատվել է։
Ըստ ՔԿ–ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։






