AM
31 Հոկտեմբեր 2025 - 07:53 AMT

Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել։

Հրամանագրում նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ըստ Սահմանադրության 133-րդ հոդվածի առաջին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայկ Բաբայանը կնշանակվի ոստիկանության գվարդիայի հրամանատար։

Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։

2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է 2025թ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում ձևավորել ոստիկանական գվարդիա։