AM
31 Հոկտեմբեր 2025 - 07:59 AMT

Երևանում խցանումները մեղմելու համար շեշտը կդրվի այդ թվում անձնական մեքենաների որոշակի սահմանափակումների վրա

Երևանի խցանումներին համակարգային լուծում տալու համար շեշտը կդրվի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այդ մասին ասվել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հանձնաժողովը ստեղծվել է քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով, հայտնում է քաղաքապետարանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի գործադիր իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

«Վարչապետի հանձնարարությամբ հավաքվել ենք քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման խնդիրները քննարկելու համար: Մեր այս խմբի հիմնական նպատակը լինելու է հրատապ՝ կոնկրետ լուծումների քննարկումը:

Շեշտը պետք է դրվի հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այն, ինչը կարող ենք քննարկել և իրականացնել կարճ ժամկետում, իհարկե, հեռանկարում ունենալով նաև մեր միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ «Աջափնյակ» և «Սուրմալու» մետրոյի կայարանների կառուցումը»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քննարկման ընթացքում ներկայացվել են այն խնդիրները, որոնք խցանումների հիմնական պատճառ են դառնում:

Կարևորվել է անհրաժեշտ տվյալների գրանցումը, որոնք հիմքում պետք է լինեն ոչ թե կարծիքները, այլ երթևեկության հոսքերի ճշգրիտ վերլուծությունը:

«Ակնկալում եմ ձեզանից կոշտ, պրոֆեսիոնալ և համարձակ լուծումներ, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ մենք չենք փորձելու բավարարել բոլորին ու որ պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի։ Երևանը պետք է դառնա ժամանակակից քաղաք, որտեղ շարժունակությունը բարձր որակի և կյանքի արդյունավետության գրավականն է»,- ընդգծել է Ավինյանը։