AM
31 Հոկտեմբեր 2025 - 09:03 AMT

Բացահայտվել են Աբովյանի նախկին ղեկավարի կողմից 21 հողատարածքի ապօրինի օտարման դեպքեր

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է օտարման ոչ ենթակա մի շարք հողատարածքներ, որոնք, ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի, հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է նաև, որ նախկին ղեկավարը և համայնքապետարանի մեկ աշխատակից կազմել ու շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ՝ Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում աճուրդների անցկացման վերաբերյալ։

Դրանցում ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իբրև թե աճուրդներն անցկացվել են, և մասնակցել են տարբեր անձինք, սակայն փաստացի գործընթացը տեղի չի ունեցել սահմանված կարգով։

Աճուրդային փաստաթղթերում ներկայացվել են կեղծ հայտեր՝ հաղթողից բացի այլ մասնակիցների անունից, ստորագրվել են դիմումներ՝ առանց իրական դիմողների մասնակցության, իսկ մի «մասնակից», որն ըստ փաստաթղթերի չէր հաղթել, նույնիսկ չի մասնակցել աճուրդին։

Այս արարքների հիման վրա Աբովյանի նախկին ղեկավարի դեմ առաջադրվել է մեղադրանք ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 21 դրվագով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ 6 դրվագով, և 196-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով։

Համայնքապետարանի աշխատակցին, ով աջակցել է այդ գործողություններին, մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 6 դրվագով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ 6 դրվագով, և 38-196-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով։

Նախաքննության փուլում համայնքին պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 49 միլիոն 178 հազար դրամ։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ գործի նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: