Չնայած կառավարությունը լուծարել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել․ այն լուծարելու որոշում չկա։ Այդ մասին հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ԱՆԻՖ-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, այժմ ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիտորինգի մասնագետ։ ՓԲԸ-ն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։
«Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ԱՆԻՖ-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ Դրանցից մեկը «Սի էֆ դաբլյու» ՓԲԸ-ում էր, որի հետ կապված կա նաև քրեական վարույթ։ «Սի էֆ դաբլյուն» ավելի քան 1.5 մլրդ դրամ էր ստացել հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում կիբերանվտանգության կարողություններ ներդնելու նպատակով, բայց ծրագիրը ձախողվել է։ «Սի էֆ դաբլյուի» տնօրենը Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է՝ Կարինե Անդրեասյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ մեկ այլ ներդրում՝ մոտ 960 միլիոն դրամի չափով, կատարվել է «Բերրիմաունթ» ընկերությունում՝ ելակի ջերմոց կառուցելու նպատակով։ Ընկերության սեփականատերը Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Տիգրան Ավինյանի համադասարանցին։
Մեկ այլ ներդրում՝ 797 մլն դրամի չափով, ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերությունը կատարել էր Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Ապագա փրոջեքթս» ընկերությունում։ «Ապագա փրոջեքթս»-ում ներդրումներից հետո ընկերության համասեփականատերերը «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ին մեղադրել էին վատ կառավարման, «Ապագա փրոջեքթսին» խոչընդոտելու մեջ։ Ներկայում «Ապագա փրոջեքթսը» սնանկության դատական գործընթացի մեջ է։
Մեկ այլ՝ 277 միլիոն դրամի ներդրում իրականացվել է «Դոմ Արենա» ընկերությունում՝ Երևանում Hard Rock ռեստորան ստեղծելու նպատակով։ 2023 թվականի գարնանն Արժույթի միջազգային հիմնադրամը այս ներդրումը համարել է վիճահարույց՝ պետական միջոցներով հանրային սննդի ոլորտում ներդրում իրականացնելու առումով։
«Ազատությունը» վերջին ամիսներին փորձել է ձեռք բերել այն բաժնետիրական պայմանագրերը, որոնց հիման վրա կատարվել են նշված ներդրումները, սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեն հրաժարվել է տրամադրել փաստաթղթերը՝ առաջարկելով դիմել անմիջապես նշված ընկերություններին։ Անհասանելի են նաև այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։ Պետգույքից մի քանի ամիս առաջ հայտնել էին, որ դրանց՝ «երրորդ անձանց բացահայտման իրավաչափության հարցը պարզելու համար անհրաժեշտ է կատարել հավելյալ ուսումնասիրություն»։ Արդյունքում, անհնար է պարզել՝ բյուջեից ստացված ներդրումներով աշխատող ընկերությունները ֆինանսական ինչ վիճակում են, այդ ներդրումները որքանով են արդյունավետ եղել, ինչ շահույթներ են բերել։
ԱՆԻՖ-ը լուծարելու որոշում կառավարությունն ընդունել է 2024-ի մայիսին, և միայն 2025-ի հոկտեմբերի 16-ին իրավաբանական անձանց ռեգիստրում նշվել է, որ ընկերությունը լուծարման փուլում է։
Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում՝ մոտ 1.5 տարի, ԱՆԻՖ-ում շարունակել են աշխատել տնօրեն, ավագ հաշվապահ և իրավախորհրդատու։ Պետգույքի կոմիտեն հայտնել է, որ նրանք աշխատել են կես դրույքով, սակայն հրաժարվել է հայտնել, թե հստակ որքան աշխատավարձ են ստացել։ Իսկ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունում աշխատակիցներից մեկը փետրվարին անգամ պարգևավճար է ստացել՝ 250 հազար դրամի չափով։






