Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով՝ նոյեմբերի 2-ին, ըստ եկեղեցական կարգի, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում կկատարվի Հայրապետական մաղթանք։
«Նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:
Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։






