AM
31 Հոկտեմբեր 2025 - 09:43 AMT

ՀՀ 3 դպրոցում ադրբեջաներեն են ուսուցանում

2025-2026 ուսումնական տարում հանրակրթական 3 դպրոցում իրականացվում է ադրբեջաներենի ուսուցում։ Այդ մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ըստ նախարարության պարզաբանման՝ ադրբեջաներենն ու թուրքերենը կարող են դասավանդվել միայն 10-12-րդ դասարաններում, մինչդեռ պարսկերենն ու վրացերենը՝ 5-րդ դասարանից սկսած։

Ծրագիրն իրականացվում է միայն այն դեպքում, երբ դպրոցը ունի համապատասխան մասնագետ։ Դպրոցները կարող են ազատ կերպով կիրառել ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված ծրագրերը՝ անհրաժեշտության դեպքում։ Այս պահին կոնկրետ դպրոցների ցանկը բացակայում է։

Նախարարությունից նշել են, որ հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների դասավանդման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրից։ Կրթական քաղաքականությամբ նախատեսվում է խթանել օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, ինչպես նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման զարգացումը։

Նախարարությունը հավելել է, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ տարածաշրջանային լեզու դասավանդող ուսուցիչը պետք է համապատասխանի նույն որակավորման պահանջներին, ինչ մյուս ուսուցիչները, և ներկայացնի լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթեր։

Ըստ հանրակրթության պետական չափորոշչի՝ միջնակարգ կրթությունն ավարտող աշակերտը պետք է կարողանա շփվել առնվազն երկու օտար լեզվով՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։ Նա պետք է հասկանա տարբեր բնույթի տեքստեր, այդ թվում մասնագիտական տերմինաբանությամբ, և կարողանա կազմել և շարադրել մտքերը տարբեր թեմաների շուրջ։

Տարածաշրջանային լեզուների ուսուցումը մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առանձին խմբակ։ Ներկայում ՀՀ մի շարք դպրոցներում ուսուցանվում են ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն և վրացերեն։