Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով աղբավայրի խնդրին, ասել է, որ Նուբարաշենի աղբավայրի հարցը շարունակում է մնալ քաղաքային կառավարման ամենակարևոր և բարդ խնդիրներից մեկը՝ ընդգծելով դրա տասնամյակների պատմությունը։
«Նուբարաշենի աղբավայրի խնդիրը 75 տարվա խնդիր է։ Դա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, և այդքան տարիների խնդիրը մեկ տարում չի լուծվելու, բայց մենք երկու զուգահեռ գործընթաց ենք իրականցնում»,-ասել է նա, գրում է Racar Armenia-ն։
Նրա խոսքով՝ առաջին գործընթացով իրականացվում է մասնավոր գործընկերների հետ ստացված հայտերով մրցույթ, որը տեղի է ունենալու 2 փուլով։
«Այս պահին 4 խոշոր ընկերություն հետաքրքրված է։ Առաջին փուլով ընկերությունները տալու են՝ որպես լուծում ինչ են առաջարկում, թե նոր վերամշակման կայանը ինչպես են պատկերացնում։ Սա գործընթացներից մեկն է»,-ասել է նա։
Ըստ նրա՝ որպեսզի մեկ հնարավորությամբ չսահմանափակվեն, ՏԿԵՆ նախարարության հետ միասին գնում են միջազգային ֆինանսական գործընկերների հետ աշխատելու ճանապարհով։
Նուբարաշենի աղբավայրի ժամանակ առ ժամանակ հրդեհվում է՝ աղտոտելով քաղաքի օդը։






