Արցախցի ընտանիքների ևս 3 խումբ կկարողանա դիմել բնակարանի հավաստագիր ստանալու համար։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նա նշել է, որ կատարած փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնց բախվել են շահառու դարձող ընտանիքները, հայտնում է Sputnik Արմենիան։
Առաջին խումբը ներառում է ընտանիքներ, որոնց անդամներից որևէ մեկը դատարանի որոշմամբ համարվում է անհետ կորած։ Նախկինում բնակարանի հավաստագիր ստանալու համար պարտադիր էր ամուսինների ներկայությունը փաստաթղթերով, ինչը խնդիր էր առաջացնում նման դեպքերում։ Այժմ նման ընտանիքներն արդեն կարող են դիմել ծրագրին։
Երկրորդ փոփոխությունը վերաբերել է ընտանիքներին, որոնցում նախապես առկա անչափահաս երեխան ծրագրի դիմելու պահին դարձել է չափահաս։ Նախկինում պահանջվում էր ունենալ երեք և ավելի անչափահաս երեխա, սակայն նոր պայմաններով այս սահմանափակումը մեղմացվել է։
Երրորդ փոփոխությունը վերաբերում է միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի պահանջին։ Ղարագյոզյանի խոսքով՝ խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո ընկած ժամանակահատվածին, այսինքն՝ շրջափակման շրջանին։ Եթե նախկինում անձը պետք է ներկայացներ առնվազն երկու տարբեր աղբյուրներից փաստաթուղթ՝ իր Լեռնային Ղարաբաղում գտնվելու վերաբերյալ, այժմ բավական է ընդամենը մեկ փաստաթուղթ՝ բնակության կամ ծառայությունների օգտվելու մասին։
Նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ բազմաթիվ դիմումներ նախկինում մերժվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շտեմարանում տեղահանվածի կարգավիճակ չունենալու պատճառով։ Սակայն հիմա ակնկալվում է, որ նման դիմումները կվերանայվեն հանձնաժողովի կողմից՝ հավաստագրի տրամադրման հնարավորությամբ։
Նոր վարկային միջոցների շրջանակում Հայաստանին կտրամադրվի 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ 27 տարով։ Դրանից 10 տարին համարվում է արտոնյալ ժամկետ։ Վարկը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2035 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2052 թվականի հունիսի 15-ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանալու Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։ Ըստ հիմնավորման՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։ 2025 թվականի հուլիսի 3-ի դրությամբ նրանցից 9,346-ը ստացել են ՀՀ քաղաքացիություն։






