AM
31 Հոկտեմբեր 2025 - 12:13 AMT

Տեր Եսայի․ Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները բախումների կարող են տանել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հովհաննավանքը պատկանում է Մայր Աթոռին սեփականության իրավունքով: Նա հավելել է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը, նրանց մուտք գործելը, հոգևոր արարողություններ, հավատացյալների հոգևոր խնամքն իրականացնելու գործընթացը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է լուծվեն իրավական և օրինականության ճանապարհով, մյուս ճանապարհները, որ, «օրինակ, խմբով գնան Հովհաննավանք՝ դուրս վռնդելու այնտեղից, անըդունելի են, դա կարող է բախումների տանել»:

Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ապա Տեր Եսային հիշեցրեց, որ Մայր Աթոռի անունից փաստաբանները դիմել էին ոստիկանություն՝ ապօրինի ներխուժումը հետ կանչելու, որովհետև հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել և ապօրինի գործունեություն է իրականացնում, ժամ առաջ պետք է դադարեցվի։

«Մտահոգություն ունենք, որ իրավապահ համակարգն այս ամեն ինչի մեջ, մեղմ ասած, հապաղում է կամ անգործության է մատնված, որովհետև այլ դեպքեր նայելիս՝ փորձը ցույց է տալիս, որ որտեղ նման ապօրինի գործունեություն է լինում, իրավապահ համակարգն իր ամբողջ ներուժով այնտեղ է լինում և փորձում ինչ-որ գործողություն իրականացնել՝ օրենքի սահմաններում, իսկ այս դեպքում այս հապաղումն անհասկանալի է՝ անկեղծորեն»,- ասել է Տեր Եսային։

Նրա խոսքով՝ թե որքանով իրավապահ համակարգը նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի՝ կերևա, բայց այս պահին կա հապաղում։ Ինչ վերաբերում է Հովհաննավանքը զավթելուն, ապա ևս հաղորդում ներկայացվել է, դա քահանայի դիտարկմամբ՝ հանցագործություն է, որովհետև խախտվում է մյուս հոգևորականների գործունեությունը և ծիսաարարողական կարգը, կարևոր է, որ իրավապահ համակարգը իր գործունեությամբ զբաղվի, կատարի պարտականությունները։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հովհաննավանքում լինելուց հետո գնալու են Մայր Աթոռ՝ Տեր Եսային նշել է, որ այդ սպառնալիքներն այսօր չէ, որ հնչում են՝ և վարչապետի, և՛ իշխանական տարբեր ներկայացուցիչներից։

«Բնականաբար այս ամեն ինչը և՛ ժողովրդավարության սահմաններից, և՛ օրինականությունից, և՛ առողջ բանականությունից դուրս են։ Չգիտեմ՝ այդ հայտարարություններն իրենց ապրումներում կամ հոգևոր զգացումներում ինչպես են հիմնավորվում, բայց նման հայտարարությունների հիմքում որևէ հոգևոր և անկեղծ զգացումներ չեմ տեսնում»,- ասել է Տեր Եսային։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ շարունակելու են աղոթքները Հովհաննավանքում, հետո՝ նաև Մայր Աթոռում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը»։ Մայր Աթոռը հայտարարել է, որ հետամուտ է լինելու օրինական ճանապարհով Հովհաննավանքի հանդեպ իրավունքների վերականգնմանը:

«Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»,–ասվում է հայտարարության մեջ։