AM
31 Հոկտեմբեր 2025 - 12:38 AMT

Երևանի քաղաքապետարանը հավելված կստեղծի ազատ կայանատեղեր գտնելու համար

Երևանի քաղաքապետարանը բջջային հավելված է պատվիրել, որը կօգնի վարորդներին մայրաքաղաքի փողոցներում ազատ կայանատեղեր գտնել: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։

«Հեռախոսային հավելվածով տեսնելու եք՝ եթե այս հատված հասնեք 2-3 րոպեում, տեղ կա՞, թե չկա»,- ասել է նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի հարցին, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատգամավորը նկատել է, որ անգամ վճարովի կայանման գոտիներում, երբ քաղաքացին տարեկան վճարում է կայանման արտոնագրի համար, մայրաքաղաքի կենտրոնում ազատ տեղ գտնելը հաճախ դառնում է մեծ խնդիր։

Ավինյանն արձանագրել է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի բեռնվածությունը շարունակաբար աճել է։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքում գրանցվել է մոտ 11,000 նոր ավտոմեքենա՝ չհաշված մերձակա մարզերից եկող տրանսպորտը։

Քաղաքապետը շեշտել է, որ այս իրավիճակից դուրս գալու հիմնական լուծումը հասարակական տրանսպորտի նկատմամբ առաջնահերթություն սահմանելն է՝ նպաստելով ավտոմեքենաների քանակի նվազմանը քաղաքի կենտրոնում։

Քաղաքապետը նաև նշել է, որ ավտոբուսներում կիրառվող տուգանքները տվել են որոշակի արդյունք, ինչի հետևանքով համայնքային բյուջեի եկամուտները նկատելիորեն աճել են։

Քաղաքային իշխանությունները շարունակելու են ընդլայնել հասարակական տրանսպորտի համար հատկացված հատուկ գոտիները և աստիճանաբար կրճատել թեթև մարդատար մեքենաների կայանատեղերը։ Սա քաղաքապետարանի կայուն քաղաքականության մաս է՝ ուղղված կենտրոնում երթևեկության հոսքերի կարգավորմանը։

Բացի այդ, քաղաքապետարանը քննարկում է նոր նախաձեռնություն՝ չթույլատրված վայրերում կայանման տուգանքների բարձրացման մասին։ Նախատեսվում է, որ նման խախտումների պարագայում մեքենաների տարհանման ծառայությունը կփոխանցվի մասնավոր ընկերության, որը կընտրվի բաց մրցույթի արդյունքում։ Այս առաջարկներն այս պահին քննարկվում են Երևանի քաղաքապետարանում։