AM
31 Հոկտեմբեր 2025 - 12:47 AMT

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հիմնական նպատակներն ու գործառույթները՝ ընդգծելով ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։

Հաշվի առնելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ներկայացվել է անկախ լիազոր մարմնի ձևավորման հայեցակարգ, որի հիմքում դրվելու է գործող իրավակարգավորման կատարելագործումը և միջազգային փորձի համադրված կիրառումը։ Ըստ նախարարի՝ հայեցակարգի մշակման ընթացքում վերլուծվել է նաև տարբեր երկրների լավագույն փորձը։

Նշվել է, որ փոփոխությունները միտված են աջակցելու նաև միջազգային պարտավորությունների իրականացմանը՝ մասնավորապես ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի առաջմղմանը։

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև հայեցակարգի կյանքի կոչման հետ կապված քայլերին, ներառյալ կարիքների գնահատման, շահագրգիռ կողմերի ներգրավման և օրենսդրական փաթեթի մշակման խնդիրներին։

Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ նոր մարմինը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ունենալով անկախություն, հստակ գործառույթներ և բավարար կարողություններ։ Նրա խոսքով՝ այն կբարելավի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի իրականացումը, կնպաստի ոլորտում մասնագետների կարողությունների զարգացմանը և կբարձրացնի հասարակության իրազեկվածությունը տվյալների պաշտպանության կարևորության վերաբերյալ։