Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքից արտագաղթ չկա։ Նրա խոսքով` նոր տներ են կառուցվում։
«Այս պահին կոնկրետ պետական ծրագրով Կիրանց գյուղում 16 միլիոնի ծրագրով 53 տուն է կառուցվում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Այն հարցին, թե Կիրանցի դպրոցի մոտ ադրբեջանցիների տարանաջատող պատի կառուցումից հետո արդյոք ավելացել է աշակերտների քանակը, Դալումյանը հստակ պատասխան չի տվել։
«Կիրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում»,– ասել է նա։
Ղալումյանը չի պատասխանել այն հարցին, թե Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց ու որքան, գրում է Aysor.am-ը։
«Դա գաղտնի տեղեկատվություն է, հրապարակման ենթակա չէ»,- ասել է նա։
Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքով Կիրանցի նորակառույց դպրոցը հայտնվել է սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։






