AM
1 Նոյեմբեր 2025 - 08:11 AMT

Դատախազությունն ընթացք է տվել Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ հաղորդմանը

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «Հայաքվեի» ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Դատախազությունից հայտնել են, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հոկտեմբերի 31–ին «Հայաքվե» նախաձեռնությունը Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրի 209 և 441 հոդվածների հատկանիշներով։

«Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, միջամտել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը, ինչը դրսևորվել է պարբերաբար նրա կողմից հնչեցվող կոչերով՝ «վեհարանը գործող Կաթողիկոսից ազատելու», ինչպես նաև՝ դրան հաջորդած կոչերը՝ այցելել Հովհաննավանք և մասնակցել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին։

Այդ ծիսակատարության ժամանակ բռնություն է կիրառվել գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ, քահանաների նկատմամբ, որոնց մուտքն արգելվել է, իրավապահ համակարգն օգտագործվել է՝ քահանաների առևանգման, նրանց մուտքն արգելելու համար։ Այս ամենը համակցությամբ հավասար է՝ Հովհաննավանքը բռնազավթելուն։ Մայր Աթոռը տուժող կողմ է, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնազավթվել է, օգտագործվել ոչ նպատակային, խաթարվել են հավատացյալների կրոնական իրավունքները»,- նշել է Ավետիք Չալաբյանը։

Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:

Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։