Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների ու դրանց անդամների կարգավիճակին վերաբերող հարցեր։
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել սահմանել կարգավորումներ, որոնք առնչվում են ինքնավար կառույցների ձևավորման և գործունեության ընթացակարգերին։
«Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Գալյանը մայիսին ասել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից։ Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։
Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա:






