Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովին։ Քննարկումների առանցքում եղել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում հաստատված կայունության և խաղաղության հարցը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ
Գրիգորյանը «Մանամայի երկխոսություն 2025» նախաձեռնության շրջանակում Բահրեյնում հանդիպել է նաև մի շարք այլ պաշտոնյաների, այդ թվում Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսիին, Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիին, Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերին, ինչպես նաև Իսպանիայի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսին։






