AM
1 Նոյեմբեր 2025 - 10:26 AMT

Վարդևանյան․ Կարապետյանն արդեն 130 օր կալանքի տակ է, բայց 53 քննիչ չի կարողանում ավարտել նախաքննությունը

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործին՝ ընդգծելով, որ վերջինս ավելի քան 130 օր կալանքի տակ է, մինչդեռ գործին ներգրավված է 53 քննիչ, որոնք չեն կարողանում ավարտել նախաքննությունը։

«Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ազատության կանխավարկածը: Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման «իրավական» պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ:

Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:

Կալանքների անհիմն պահպանումը համարժեք է արդարադատության մերժմանը, համարժեք է արդարության մերժմանը, համարժեք է մարդասիրության մերժմանը: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,–գրել է նա։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։