AM
1 Նոյեմբեր 2025 - 10:46 AMT

Բաբաջանյանին մեղադրանք է ներկայացվել՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար

Քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, քանի որ հրաժարվել է կատարել դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած մի շարք վճիռներ, հայտնում է «Փաստինֆոն»։

Արման Բաբաջանյանը դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։

Դաշնակցության ներկայացուցիչները շարունակաբար մատնանշել են Բաբաջանյանի կողմից վճիռը չկատարելու փաստը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ դեռ 2021 թվականից սկսած Բաբաջանյանը ոչ միայն հրաժարվել է կատարել դատարանի որոշումը, այլ նաև շարունակել է իր հրապարակային հայտարարությունները՝ նոր անուններ հնչեցնելով և փորձելով կապել Դաշնակցությունը հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետ։ Բացի այդ, պարզվել է՝ ոչ միայն ՀՅԴ-ի գործով որոշումն է անտեսվել Բաբաջանյանի կողմից։

Նա նաև չի կատարել Խոսրով Հարությունյանի գործով վճիռը, որով ևս դատարանը պարտավորեցրել էր հերքել զրպարտությունը և փոխհատուցում վճարել։

Այս ամենի արդյունքում Բաբաջանյանը արդեն կանգնել է դատարանի առջև՝ դատական ակտերը չկատարելու հիմքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ։

Գործը հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։