Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի գործարկման միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքերում ոստիկանությունը, ոստիկանության նորաստեղծ գվարդիան կարող են ուժ կիրառել. դա պետք է հստակ լինի նաև ոստիկանության ծառայողի համար։
«Դա պետք է հստակ լինի նաև ոստիկանության ծառայողի համար։ Ոստիկանության ծառայողն էլ պետք է իմանա, թե որն է ուժի կիրառման իրադրությունը, որ իր մեջ էլ մտավախություն, հարց չլինի՝ ինքը տվյալ դեպքում գործո՞ւմ է համաձայն օրենքի, թե ոչ: Սա ճանապարհ է, որ պետք է անցնենք: Իհարկե, մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ»,-ասել է Փաշինյանը:
Խոսելով ՆԳՆ համակարգում ընթացող բարեփոխումների մասին՝ Փաշինյանը շեշտել է, որ բարեփոխումների գործընթացի մեջ շատ նրբություններ կան, որոնց անընդհատ պետք է անդրադառնալ՝ սկսած արտաքին տեսքից, վերջացրած ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածությամբ, քաղաքացիների հետ հարաբերվելու դեմքի արտահայտությամբ և այլն:
Փաշինյանը նկատել է, որ որքան շատ նրբություններ են սկսում նկատել, այդքան հաջող է ընթանում բարեփոխումը:
«Դա նման է ճանապարհի: Դու գտնվում են շրջադարձի առջև, չգիտես, թե շրջադարձից այն կողմ ինչ տեսադաշտ է բացվելու: Եվ, եթե այդ տեսարանը, որն անծանոթ է քեզ, բացվել է, նշանակում է՝ դու հաջողություն ունես, հասել ես շրջադարձին»,-նշել է վարչապետը:
Նա նշել է, որ ոստիկանության գվարդիայի ծառայողների տեսարանը ևս իր հետ նոր հարցեր է բերում:
«Նոր հագուստ, նոր տրանսպորտային միջոցներ, նոր բովանդակություն, ուժի կիրառման նոր ստանդարտ: Այդ ամեն ինչը պետք է փորձարկվի: Եվ դրանք իրենց հետ բերելու են նոր հարցեր, օրինակ՝ ինչքանով է այդ հագուստը հարմար»,-ասել է վարչապետը:
Վարչապետը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է նորաստեղծ Ոստիկանության գվարդիայի հնարավորություններին։
Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար:






