AM
1 Նոյեմբեր 2025 - 11:24 AMT

Դատարանը բավարարել է գեներալ Արզումանյանի ընտանիքի հայցը՝ նրանք չեն ազատի ծառայողական բնակարանը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, հայտնում է «Առավոտը»։

Ավելի վաղ նրա ընտանիքին առաջարկվել էր մեկամսյա ժամկետում ազատել 3 սենյականոց ծառայողական բնակարանը։

Միքայել Արզումանյանի, Դիանա Դավթյանի, Ալբերտ Արզումանյանի, Արսեն Արզումանյանի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան (դատավոր՝Հերմինե Մուրադյան) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 12.07.2023թ. «Ծանուցում» վերտառությամբ թիվ 36/2088 վարչական ակտը:

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ Միքայել Ալբերտի Արզումանյանին և նրա ընտանիքի անդամներին բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելուց։

Պատասխանող կողմի այն փաստարկին, որ վիճելի բնակարանը ենթակա չէ սեփականության իրավունքով տրամադրման՝ դատարանը հարկ է համարել նշել, որ վարչական գործով հայցի առարկան չի վերաբերում վիճելի բնակարանը հայցվորին սեփականության իրավունքով տրամադրելուն:

Միքայել Արզումանյանը եղել է Արցախի ՊԲ հրամանատար 2020 թվականի հոկտեմբերի 27-ից։ Նա ավելի ուշ կալանավորվել էր՝ արցախյան պատերազմի ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Երեք տարի անազատության մեջ մնալուց հետո նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով՝ 30 մլն դրամ գրավով։