Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջելով վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու մասին 2023 թվականի որոշումը, ինչպես նաև 2024-ին ընդունված որոշումը, որով ԲԴԽ-ն մերժել է գործի վերանայումը։
Հարությունյանը հայտնել է, որ իր նոր միջնորդության հիմք է դարձել Սահմանադրական դատարանի՝ իր իրավունքների խախտման վերաբերյալ երկրորդ որոշումը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հոկտեմբերի 28-ին, դատավորը դիմում է ներկայացրել ԲԴԽ` պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև` գործի վերանայումը մերժելու մասին որոշումները, կայացնել նոր որոշում` Դավիթ Հարությունյանին նախկինում զբաղեցրած` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու մասին:
Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Մասնավորապես, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։






