Քննչական մարմինները որոշում են կայացրել ձերբակալել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, ինչպես նաև նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանավորման նպատակով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:
Քննչական կոմիտեից հաստատել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը), և որ վերջիններս ձերբակալվել են, հայտնում է 1lurer,am-ը։
Ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ նկարագրելով նոյեմբերի 1-ին` ժամը 16:10-ին տեղի ունեցած միջադեպը Վաղարշապատի Ոսկեհատ գյուղում, որտեղ, նրա պնդմամբ, Գևորգ Ներսիսյանը, որդիների հետ, խոչընդոտել է քարոզարշավի անցկացմանը։
«Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելություն»,- գրել է Մկրտչյանը:
Մինչդեռ փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այն հերքում է «ակնհայտ սուտ մատնությունը»։
«Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը:
Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,–գրել է նա։
Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ Ներսիսյանները ցուցմունք են տվել, ներկայացվել է նաև տեսագրությունը։
«Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն», – գրել է նա։






