AM
3 Նոյեմբեր 2025 - 06:49 AMT

Հաղարծնի մոտ ավտոբուսի վթարից տուժածներից 20–ը դուրս է գրվել․ Վիրահատվածի վիճակը կայուն ծանր է

Նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրի հարակից տարածքում տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժել է 30 անձ։ 9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում։

30 տուժածից 20-ն անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հայտնել է առողջապահության նախարարությունը։

Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Վթարի հետևանքով տուժել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։ Այդ մասին ասվում է համալսարանի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։