AM
3 Նոյեմբեր 2025 - 07:23 AMT

Մայր տաճարում աղոթք է բարձրացվել գերիների, սրբազանների և Սամվել Կարապետյանի համար

Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ–ի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ pատարագի ավարտին կատարվել է hայրապետական մաղթանք, հավատացյալների երկրպագության համար դուրս էր բերվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Մայր տաճարում բարձրացվել է աղոթք Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանում կալանավորված սրբազանների և գործարար Սամվել Կարապետյանի հոգու խաղաղության ու պաշտպանության համար, հայտնում է «Փաստինֆոն»։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և ուխտավոր հայորդիներ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորել է Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը և մեծաթիվ ձեռքբերումներին՝ մաղթելով անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:

«Ներկաներն աղոթք են բարձրացրել առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար», ասվում է հաղորդագրության մեջ։