AM
3 Նոյեմբեր 2025 - 08:40 AMT

Նախարար․ Տրանսպորտային միջոցներից գողությունների մասով խնդիր ունենք

ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է, որ տրանսպորտային միջոցներից գողությունների մասով խնդիր ունենք։

«Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր, բայց նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ունենք նվազում»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա 9 ամսում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5․4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նա նշել է, որ բացահայտվել է բազմադրվագ գողություն կատարող 165 խումբ, շորթում կատարող` 4 հանցավոր խումբ։

Սարգսյանն ասել է, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, խստացվել է քրեական պատասխանավությունը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության առումով: Փոփոխությամբ նախատեսված է միջին ծանրության հանցանք՝ նախկին ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։